×

Լուսանկարը՝ Wine Republic Yerevan

Wine Republic Yerevan-ի թիմը պատրաստ է WCIT 2019-ին

Հոկտեմբերի 6-ից 9-ը Երեւանում կայանալիք WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի խոհարարական գործընկեր է ընտրվել Wine Republic Yerevan-ի թիմը: Շուրջ 70 երկրից ավելի քան 2000 մասնակից ճաշակելու է Wine Republic-ի 15 խոհարարների պատրաստած ուտեստները: 

Wine Republic Yerevan-ի թիմը երեք օր «արտակարգ ռեժիմով» աշխատելու է WCIT 2019-ի մասնակիցների համար՝ առաջարկելով տարբեր խոհանոցների 20-ից ավելի ուտեստներ: 

Asador, Wine Republic Yerevan, Thaiwine Republic, Mao Ze Duck ռեստորանների շեֆ-խոհարարները մատուցելու են հայկական, ասիական, եվրոպական ուտեստներ: 

Wine Republic-ի թիմն առաջին անգամ է նման մեծ միջոցառման գործընկեր լինելու: 

Wine Republic Yerevan-ի հիմնադիր Արսեն Հովհաննիսյանն ասում է՝ սովորաբար խուսափում են մեծ միջոցառումներին մասնակցելուց, բայց WCIT 2019-ի առաջարկը դժվար է եղել մերժել: Խոստովանում է՝ դժվար ու մեծ պատասխանատվություն է շատ կարճ ժամանակահատվածում ըստ արժանվույն սպասարկել հյուրերի, որոնք մասնակցության տոմսի համար պատկառելի գումար են վճարել: 

«Հարց է առաջանում՝ եթե Հայաստանում է, գուցե ավելի լավ էր հայկակա՞ն խոհանոցի ուտեստները մատուցել: Պատկերացրեք՝ երեք օր առավոտից մինչեւ երեկո փորձել նույն խոհանոցը, գուցե ձանձրալի՞ լինի: Իսկ մենք առաջարկում ենք եւ՛ հայկական, եւ՛ այլընտրանքային լուծումներ, կարծում եմ՝ այդ պատճառով ենք որպես գործընկեր ընտրվել: Բացի այդ, մասնակիցները երեկոյան ժամերին ընթրիքներն անցկացնելու են Երեւանի տարբեր ռեստորաններում եւ այդ վայրերում հիմնականում ծանոթանալու են հայկական խոհանոցին»,- GastroVino-ին ասել է Արսեն Հովհաննիսյանը: 


Արսեն Հովհաննիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ընտրվել են այնպիսի ուտեստներ, որոնք հնարավոր է կարճ ժամանակում պատրաստել՝ չկորցնելով իրական համերը: Wine Republic-ի թիմի հայազգի խոհարարները պատրաստելու են տոլմա, իշլի քյուֆթա, խորոված, ամառային խորոված, ժինգյալով հաց: Թաիլանդական խոհանոցից կլինի կանաչ կարի, փադ թայ, ուզբեկականից՝ ուզբեկական փլավ, չինականից՝ տավարի մսով եւ բրնձով ճաշատեսակ: Կլինի նաեւ սուշի եւ ծովամթերքներով սենդվիչներ: Հատուկ այս միջոցառման համար Wine Republic Yerevan-ը նաեւ ներմուծել է սուրճ պատրաստելու պրոֆեսիոնալ սարքավորումներ եւ բարձրորակ սուրճի տեսակներ: 

«Փորձել ենք մեզ պատկերացնել պատվիրակության անդամի դերում, հասկանալ, թե ինչ կյանքով նա կապրի այդ երեք օրը»,- ասել է Wine Republic Yerevan-ի հիմնադիրը:

WCIT 2019-ի տարածքում գործելու են տարբեր գոտիներ՝ գրիլ ու խորոված, տաք ուտեստներ, սենդվիչներ, խմիչքներ, սուրճ:

Արսեն Հովհաննիսյանը պատմում է, որ բոլոր փորձարկումները շատ լավ են անցել:

Wine Republic Yerevan-ից 70-80 հոգի ներգրավված է լինելու ամբողջ գործընթացում, աշխատելու են հերթափոխով: Ռեստորանները շարունակելու են գործել, հիմնական անձնակազմը երեկոյան վերադառնալու է աշխատավայր: 

Ամալի Խաչատրյան 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին