×

Ալեքսանդր Սլյադնեւը

Հայտնի ֆուդ-լուսանկարչի «ձոնը» լավաշին

Gastro Camp Armenia-ին մասնակցելու համար Հայաստան այցելած հայտնի ֆուդ-լուսանկարիչ Ալեքսանդր Սլյադնեւը «ձոն» է գրել լավաշին: Ներկայացնում ենք այն ձեր ուշադրությանը:

«Մինչ Եվրոպան պլաստիկից ազատվելու միջոց է փնտրում, հայերն այդ միջոցը հայտնաբերել են մի քանի հազարամյակ առաջ: Դա լավաշն է:

Լավաշը եզակի կերակուր է: Եվ ոչ միայն գաստրոնոմիկ առումով:

Այո, լավաշը կարելի է ուտել: Եվ ամենահամեղն այն լավաշն է, որը նոր են հանել թոնիրից: Լավաշից կարելի է չիպսեր պատրաստել: Հիանալի է գարեջրի հետ:

Եթե լավաշից մի կտոր պոկել, ավելացնել այնտեղ կանաչի, պանիր, կամ ընդհանրապես այն, ինչ առկա է սեղանին, եւ հետո փաթաթել, բրդուճ կստացվի:


Լավաշը կարելի է նաեւ որպես ափսե օգտագործել: Ծալում եք լավաշը եւ դրա մեջ դնում խորոված կամ ուրիշ ուտելիք: Երբ ամենը կերաք, կարող եք ուտել նաեւ լավաշը:

Լավաշը կարելի է օգտագործել նաեւ որպես սփռոց: Լավաշը կարելի է օգտագործել որպես կերակուրները տեղափոխելու պայուսակ:


Մեկ էլ հայերն ասում են, որ լավաշից չեն չաղանում: Բայց դա այդպես չէ: Հայաստան այցելելուց հետո քաշդ ավելանում է առնվազն 5 կիլոգրամով: Թեեւ մեղավորը, հավանաբար, լավաշը չէ, այլ այն ճաշատեսակների բազմությունը, որն այստեղ ուտում ես լավաշի հետ:

Բայց ամենից շատ ես սիրում եմ լավաշն օգտագործել անձեռոցիկի փոխարեն: Առաջին անգամ ես դա տեսա Երեւանի թանկ ռեստորաններից մեկում: Լավ հագնված հայուհին մի կողմ դրեց արծաթե դանակը, ձեռքով մի կտոր լավաշ պոկեց եւ դրանով սրբեց շուրթերը: 

Դրանից հետո Հայաստանում ես օգտվում եմ հենց այդ միջոցից: Շատ հարմար է»:

Լուսանկարները՝ Ալեքսանդր Սլյադնեւ

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին