Բրիտանական Financial Times-ը «Երբ դադարում ես սովորել, մահանում ես» վերնագրով ծավալուն հարցազրույց է հրապարակել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Թերթի նորարարությունների բաժնի խմբագիր Ջոն Թորնհիլը գրում է, որ Արմեն Սարգսյանը հրաժարվում էր ընդունել, որ հյուրն իրեն կարող է լանչի հրավիրել իր հայրենի քաղաքում: Սակայն երբ Թորնհիլը շեշտել է, որ այդպիսին են Financial Times-ի կանոնները, նրանք փոխզիջման են եկել եւ որոշել են, որ կճաշեն երկու անգամ: Առաջին անգամ կվճարի Արմեն Սարգսյանը, երկրորդ անգամ՝ Ջոն Թորնհիլը:
«Անկյունում»
«Անկյուն» ռեստորանում է կայացել Արմեն Սարգսյանի եւ Ջոն Թորնհիլի առաջին ճաշը (լանչը)։
Լրագրողը ռեստորանը նկարագրում է որպես սլավոնական, խորհրդային ճարտարապետության եւ հանճարեղ կովկասյան ոճի շքեղ քաղաքային հիբրիդ։
Ճաշատեսակները պատվիրել է Արմեն Սարգսյանը։
Մինչեւ պատրաստ կլինեին տաք ճաշատեսակները, սեղանակիցները փորձել են երեք տարբեր աղցան, ճակնդեղ եւ պանիր, բրոկոլի, ձիթապտղի ձեթով համեմված՝ խաղողով եւ թարխունով մի ստեղծագործություն, որը հատկապես տպավորել է թարմության անուշաբուրությամբ։
«Անկյուն» ռեստորանում | Լուսանկարը՝ «Անկյուն»
Նախուտեստներին հետեւել է կիտրոնով եւ մայրու ընկույզով տալիատելեն։
Թորնհիլը որոշել է փորձել նաեւ հայկական գինի։
«Հայաստանը, ինչպես նշել է Հերոդոտոսը, հայտնի է որպես աշխարհում գինեգործության հնագույն օջախներից մեկը։ Մենք փորձում ենք Koor Voskehat սպիտակ չոր գինին, որն իր հարուստ գույնով եւ նուրբ համով հիշեցնում է ֆրանսիական Ժյուրա շրջանի «դեղին գինին»,- գրում է Ջոն Թորնհիլը։
«Դոլմամայում»
Երկու օր անց Արմեն Սարգսյանն ու Ջոն Թորնհիլը հանդիպել են «Դոլմամայում»։
«Այն բազմասենյակ մի բնակարան է, որը վերածվել է հայկական ռեստորանի։ Ղեկավարը Ժիրայր Ավանյանն է, որը ժամանակին ապրել է Նյու-Յորքում: Նա Արմեն Սարգսյանի ամենահին ընկերներից մեկն է՝ նրանք միասին սովորել են Երեւանի թիվ 114 դպրոցում», - գրում է Թորնհիլը։
«Դոլմամա» ռեստորանում | Լուսանկարը՝ «Դոլմամա»
Մինչ հիմնական պատվերներին անցնելը, նախագահը բալի օղի պատվիրել, ասելով, որ փորձում է պայքարել մրսածության դեմ։
Բազմապիսի սառը նախուտեստների եւ աղցանների պատվերներին հաջորդել է ձավարով ուտեստների, ընկույզով եւ սամիթով լցոնած բրնձե գլանափաթեթների, հավի լյարդի աղցանի համտեսումը։ Բնականաբար, Արմեն Սարգսյանն ու Ջոն Թորնհիլը «Դոլմամայում» նաեւ տոլմա են համտեսել:
Պատրաստեց Լուսին Մկրտչյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: