×

Աննա Մազմանյանը (մեջտեղում) Լուսանկարը՝ Մեդիամաքս

Gastro Camp Armenia-ն կստեղծի Հայաստանի գաստրոնոմիկ քարտեզը

Gastronomic Camp Armenia-ն պատրաստվում է ստեղծել Հայաստանի գաստրոնոմիկ քարտեզը, որը կդառնա յուրօրինակ ուղեցույց ոլորտի մասնագետների համար: Նախատեսում են մեկ հավելվածում հավաքել այն հատուկ մթերքները, որոնք բնորոշ են տվյալ մարզին: Հավելվածում տեղ կգտնեն նաեւ բաղադրատոմսեր եւ դրանց պատրաստման եղանակների հետ կապված լեգենդներ: 

Gastronomic Camp Armenia արտագնա միջոցառումը Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա հունիսի 19-ից 22-ը եւ կանցկացվի Կոտայքի մարզի Best Resort Aghveran հյուրանոցում: 

Gastro Camp-ն անցկացվելու է տարին երկու անգամ՝ ամեն անգամ Հայաստանի նոր տարածաշրջանում: Այս տարի ընտրվել է Կոտայքի մարզը, միջոցառումն անցկացվում է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հովանու ներքո։

Ծրագրի հիմնական նպատակն է բացահայտել մարզերին բնորոշ ավանդական կերակրատեսակները, ավանդույթները, բաղադրատոմսերը՝ Հայաստանի մարզերում գաստրոնոմիական արշավներ կազմակերպելով: 

«Բոլորս գիտենք, որ կա Արամուսի ստեպղին, բայց մենք այդ բրենդը չենք օգտագործում: Այս ծրագրի շնորհիվ կփորձենք մեր ուտեստները բրենդավորել եւ հավաքել այդ գիտելիքներն ու գաղափարները մեկ հարթակում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Gastro Camp Armenia-ի հիմնադիր Աննա Մազմանյանը:  

Գաստրոնոմիկ քարտեզ-հավելվածը նախատեսված կլինի բոլորի համար, այն միտված է լինելու զարգացնել ոչ միայն ագրոտուրիզմը, այլեւ գաստրոտուրիզմը: Զբոսաշրջիկները հնարավորություն կունենան գտնել այն վայրերը, որտեղ կարող են համտեսել մարզերին բնորոշ տեղական ուտեստները: 


Ծրագրի կազմակերպիչները ընդգծում են՝ Gastro Camp-ը կօգնի ամրապնդել խոհարար-ֆերմեր կապը եւ ստեղծելու համագործակցություն տարածաշրջանի ֆերմերների միջեւ: Շատ են կարեւորում են նաեւ արտասահմանցի եւ հայ մասնագետների շփումը: 

Նախապես ընտրված մենյու չկա. երկու գաստրոնոմիկ ընթրիքի համար տեղացի եւ տարբեր երկրներից հրավիրված խոհարարները միասին փորձելու են կազմել յուրահատուկ մենյու՝ օգտագործելով բացառապես մարզի մթերքները: Ընթրիքները կազմակերպվելու են բաց երկնքի տակ՝ ճամբարային միջավայրում: Հետագայում Gastro Camp Armenia-ն կհրապարակի ցանկը, թե որ գյուղից ինչ մթերք է ձեռք բերվել, կգրվեն հասցեները, անունները:

Ծրագրի առաջին փուլում՝ հունիսի 19-ին եւ 20-ին, խոհարարների թիմը կշրջի գյուղերով, կայցելի արտադրողներին, անձամբ կծանոթանա ֆերմերների հետ: Հաջորդ երկու օրերին տեղի կունենա ճամբարի կրթական եւ ժամանցային մասը՝ մասնագետների եւ բոլոր նրանց համար, որոնք ցանկանում են նոր գիտելիքներ ձեռք բերել այս ոլորտից. կազմակերպվելու են տարբեր ձեւաչափերով դասընթացներ: Վերջին օրերին Best Resort Aghveran Hotel-ի բացօթյա Pop-up ռեստորանում շեֆ-խոհարարների միջազգային խումբը կմատուցի ընթրիքները՝ պատրաստված Կոտայքի մարզին հատուկ մթերքներով:


Լուսանկարը՝ Առնո Հովհաննիսյան

«Խոհարարի աշխատանքը եւ համի գաղտնիքը բաղադրատոմսը չէ, այլ մթերքն է: Մեր բուն նպատակն է գտնել մթերքները եւ դրանց լավագույնը ներկայացնել ափսեում: Կաշխատենք լավագույն տեխնոլոգիաներով, խոհարարական նեղ մասնագիտական մոտեցումներով կփորձենք մթերքների տեսքը փոխել, ընդգծել համը, գեղեցիկ մատուցել ու ճիշտ նկարել:

Նմանատիպ միջոցառումները շատ մեծ էներգիայի աղբյուր են, մոտիվացնում են մասնագետներին նայելու նոր տեսանկյունից, տեսնելու, թե ինչով են զբաղվում հենց իրենք. քանի որ խոհարարներիս ամենօրյա աշխատանքի զբաղվածությունը հաճախ մոռացնել է տալիս մեր գործի կարեւորությունը»,- ասում է Gastronomic Camp Armenia-ի բրենդ շեֆ Արայիկ Ամզայանը: 


Հրավիրված փորձագետներն են Ponomarev Chef`s Academy-ի սեփականատեր Սերգեյ Պոնոմարյովը (Ուկրաինա), SOE ռեստորանի շեֆ-խոհարար եւ Bocuse d`Or Europe-ում Էստոնիայի ներկայացուցիչ Պավել Գուրյանովը, Հյուսիսային Կովկասի ռեստորատորների եւ հյուրանոցատերերի ասոցիացիայի նախագահ Աննա Ելովիկովան, Rational AG-ի բրենդ-շեֆ Ալեքսեյ Գլուշենկոն, սննդի հայտնի  լուսանկարիչ Ալեքսանդր Սլյադնեւը: 

Ծրագրի գլխավոր գործընկերն է Հայաստանում մասնագիտացված խոհանոցային սարքավորումների առաջատար մատակարար The Horeca LLC-ն։ Պաշտոնական գործընկերն ու միջոցառման հարթակը Best Resort Aghveran հյուրանոցն է։ 

GastroCamp Armenia-ի գործընկերն է Hospitality Management Group-ը, որը միավորում է Charles, Salon Armenian, DOC Therapy Bar, Kilikia Beer House եւ Claude Monet ռեստորանները: Գաստրոնոմիական արշավի գործընկերն է Nairian ընկերությունը։

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին