Հունիսի 4-ից 9-ը Մեդիամաքսի հրավերով Հայաստանում էին համաշխարհային ռոքի լեգենդները՝ Deep Purple խմբի երգիչ Իէն Գիլանը եւ Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին: Նրանք եկել էին Rock Aid Armenia բարեգործական նախաձեռնության 30-ամյակը տոնելու համար:
Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանն ասում է, որ հյուրերը Հայաստանից չափազանց գոհ են գնացել:
«Առանձնահատուկ նշում էին ուտելիքի համը եւ բարձր որակը: Ի տարբերություն Գիլանի, Այոմիի եւ նրանց կանանց, խմբի մնացած անդամները բուսակերներ էին, ուստի ռեստորանների հետ ճաշացանկերը կազմելիս հատուկ ուշադրություն էինք դարձնում այդ հանգամանքին: Արդյունքում հյուրերից ոմանք ասում էին, որ Հայաստանը դրախտ է բուսակերների համար», - պատմում է Արա Թադեւոսյանը:
GastroVino-ն խնդրել է Իէն Գիլանին եւ Թոնի Այոմիին հյուրընկալած ռեստորանների ներկայացուցիչներին առանձնացնել հյուրերին մատուցված կերակրատեսակներից մի քանիսը:
Italiano Ristorante (The Alexander հյուրանոց)
Մատուցվել է հատուկ բաղադրատոսմով պատրաստված սոուսով լոլիկով եւ կարմիր սոխով աղցան՝ համադրված կապերսներով եւ կանաչ ռեհանով:
Lոլիկով եւ կարմիր սոխով աղցանը | Լուսանկարը՝ The Alexander
Որպես տաք նախուտեստ մատուցվել է Սմբուկ պարմիջանո՝ ջեռոցում պատրաստված հատընտիր նորահաս սմբուկ՝ համադրված թարմ մոցառելա պանրի եւ լոլիկի խիտ սոուսի հետ: Այն մատուցվում է պարմեզան պանրով:
Տաք ուտեստներն էին ծնեբեկով րիզոտոն, բանջարեղենով րիզոտոն եւ վայրի բրնձով սաղմոնը՝ զաֆրանի սոուսով:
«Թուֆենկյան Խարբերդ» ռեստորան
Նախուտեստներն էին ծիրանով եւ գազարով գնդիկները, «Իչ» աղցանը, հումուսը։
Տաք ուտեստներն էին «Մուսական», ոսպով քյուֆթան, դդմիկով կոտլետները, «Դդումով բորանին»՝ շոգեխաշած դդումով, քաղցր պղպեղով եւ սիսեռով՝ ծիրանաչրի եւ չամիչի հետաքրքիր համադրությամբ։
Դդումով բորանին» | Լուսանկարը՝ «Թուֆենկյան Խարբերդ» ռեստորան
«Սալոն» ռեստորան
Որպես նախուտեստներ մատուցվել են քամած մածունով սմբուկի ռոլեր, թարխունով աղցան՝ թարխունի, խաղողի, ընկույզի եւ պանրի համադրությամբ։
Տաք նախուտեստը ռեստորանի ֆիրմային փոքր խաչապուրիներն էին։
Փոքր խաչապուրիները | Լուսանկարը՝ «Սալոն» ռեստորան
Տաք ուտեստը խոզի, հորթի եւ հավի խորովածն էր, լցոնված սունկը եւ խորոված սունկը։
«Ֆլորենս Գյումրի» ռեստորան
Մատուցվել է ֆիրմային գառան բուդը՝ լցոնված գառան սրտով, թոքով, բլղուրով․ այդ ամենը փաթաթված է եղել փարդայով:
Տրվել է նաեւ ամառային եւ թփով տոլմա, տապակած սպանախ ու սիբեխ:
Gouroo Club & Garden
Մատուցվել է Բուրատա աղցան՝ համեմված կանաչ ձիթապտղի ձեթով եւ բալզամիկ քացախից պատրաստված «խավիարով»՝ համադրված նուրբ կրես-սալատով, մարինացված սոխով:
«Սարյանի Հունաստանը» աղցանը եւս եղել է սեղանին, այն հունական աղցանի՝ ռեստորանի հեղինակային տարբերակն է:
«Սկիրտ սթեյք»-ը | Լուսանկարը՝ Gouroo Club & Garden
Տաք ուտեստներն էին նրբահամ «Սկիրտ սթեյք»-ը եւ «Ամառային տոլմա ֆյուժն»-ը: Վերջինս մատուցվում է գառան մսով լցոնված բուլղարական պղպեղի մեջ, իսկ խավարտի դերում հանդես է գալիս ծաղկաշուշանը (խնջլոզը):
«Լավաշ» ռեստորան
Մատուցվել է երեք տաք կերակրատեսակ՝ թավա քյուֆթա, գառան թիակ՝ հաճարի փլավով եւ հորթի թիակ՝ հաճարի փլավով:
Թավա քյուֆթան | Լուսանկարը՝ «Լավաշ» ռեստորան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: