Եվրոպայի օր 2019-ի տոնական միջոցառումների շրջանում հունիսի 22-ին ՀՀ-ում Լիտվայի դեսպանատունը կազմակերպել էր լիտվական ուտեստների համտեսում։ Vila Komoda լիտվական ռեստորանի շեֆ խոհարարների էքպերիմենտալ ճաշատեսակները համտեսում էին Choice նորաբաց ռեստորանում։
Այս տարի Լիտվայի համար Եվրոպայի օրը նշանակալից է, քանի որ երկիրը նաեւ նշում է Եվրամիությանն անդամակցության 15 տարին։ Լիտվան հպարտանում է իր յուրահատուկ ճաշատեսակներով ու որպես երկրի առանձնահատկություն Եվրոպայի օրվա միջոցառմանը ներկայացնում է խոհանոցը։
Իզոլդա Բրիչկովսկիենեն | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Լիտվական ուտեստների համտեսի համար ընտրվել են ոչ թե երկրի ավանդական ուտեստները, այլ՝ ժամանակակից խոհանոցը։ Հայաստանում Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզոլդա Իզոլդա Բրիչկովսկիենենհրավիրվածներին ներկայացնում է, որ իրենց երկիրը հայտնի է Ցեպելինի (կարտոֆիլ՝ լցոնած մսով) կամ Վարդագույն ապուր (բորշի նման սառը կերակուր) ճաշատեսակներով, բայց այս անգամ դրանք միտումնավոր ներկայացված չեն. նպատակն է հավաքվածներին ծանոթացնել լիտվական ժամանակակից խոհանոցի հետ։
Կարոլինա Վիչիուտե Մեյդեն | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Շեֆ խոհարարները Լիտվայի Պալանգա քաղաքում գտնվող հայտնի Vila Komoda ռեստորանից են։ Vila Komoda-ի տնօրենը՝ Կարոլինա Վիչիուտե Մեյդեն իր ամուսնու՝ շեֆ-խոհարար Մարտինաս Մեյդուսի հետ հյուրերին հերթով ներկայացնում է ուտեստները, բացատրում բաղադրությունները։
Vila Komoda-ի տնօրենը մեզ հետ զրույցում պատմում է, որ ռեստորանի աշխատաոճը շատ տարբերվող է. հիմնականում օգտագործում են լիտվական թարմ մթերք, պատրաստում են` տարբեր երկրների խոհանոցներն իրար հետ համադրելով, օգտագործում են անգամ իրենց տատիկների բաղադրատոմսերը։ Ուզում են, որ մարդիկ ճաշատեսակներն ուտելիս վերհիշեն այն համերը, որոնք տարիներ առաջ են փորձել։ Արդյուքնում շեֆ խոհարար Մարթին Միդն արդեն երեք տարի ընդգրկվում է The Best Chef Awards-ի՝ լավագույն 300 շեֆ խոհարարների ցանկում։
Մարտինաս Մեյդուսը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հայաստանում համտեսի համար ընտրել են երեք ճաշատեսակ եւ մեկ աղանդեր։
Առաջին ուտեստը Chicken Liver Pate-ն է՝ պատրաստված շեֆ խոհարարի տատիկի բաղադրատոմսով։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Օգտագործել են լիտվական ավանդական սեւ հացը, որը ռեստորանում պատրաստվում է ամեն առավոտ։ Վրան քսել են հապալասե ժելե, որը նույնպես ազգային է. լիտվացիները սիրում են հաճախակի անտառներ գնալ՝ բերքահավաքի։
Երկրորդ ուտեստն ամբողջովին լոլիկով է պատրաստված։ Կիլոգարմներով լոլիկ են օգտագործել, փորձել են ամեն ինչ ստանալ լոլիկից՝ անգամ լոլիկի ձեթ, ժելե եւ ջուր։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Երրորդ ուտեստը տավարի լեզուն է, իսկ աղանդը լիտվական սեւ հացով պաղպաղակ է. այս բաղադրատոմսը հորինել են սննդի ավելացման թեման չափազանց կարեւորելու արդյունքում։ Որպեսզի ռեստորանում հացի վատնում չլինի, հացը համադրում են պաղպաղակի հետ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Միջոցառումը նշելու համար ընտրվել է Choice ռեստորանը, որովհետեւ Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատարն է հավանել այստեղի միջավայրը, սպասարկումը։
Խաչատուր Օկսուզյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Choice ռեստորանի տնօրեն Խաչատուր Օկսուզյանը պատմում է, որ չնայած ռեստորանը նոր է բացվել, Իզոլդա Բրիչկովսկիենեն երկու անգամ այցելել էր իրենց։ Ռեստորանի պաշտոնական բացումը դեռ չի կայացել, սա Choice-ում կազմակերպված առաջին միջոցառումն է: Նման պատվավոր հյուրերի սպասարկելը լուրջ պատասխանատվություն է ամբողջ անձնակազմի համար, ասում է տնօրենը:
Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: