«Երեւան» հյուրանոցի (այժմ՝ Գրանդ Հոթել Երեւան) ռեստորանը ժամանակին մայրաքաղաքի մտավորականության սիրելի վայրն էր: 1930-ականներին «Ինտուրիստ»-ը ու հարակից սրճարանը բոհեմի հավաքատեղին էր եւ երեւանցիների ամենասիրած վայրերից մեկը: Սրճարան հաճախ էին գալիս Շիրվանզադեն, Գուրգեն Մահարին, Չարենցը, Արա Սարգսյանը, Փանոս Թերլեմեզյանը եւ այլոք:
Վերջին տարիներին հյուրանոցի ռեստորանը կոչվում էր «Ռոսինի», եւ այստեղ մատուցվում էին իտալական խոհանոցի ճաշատեսակներ: Վերանորոգումից եւ վերաբրենդավորումից հետո այն կոչվում է «Նաիրի», իսկ Միշլենյան աստղի արժանացած իտալացի խոհարար Ստեֆանո Չիոտին հայ խոհարարների առաջարկած բաղադրատոմսերին իտալական նրբերանգներ է հաղորդել Իտալիայից ներկրվող մի շարք մթերքների միջոցով:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
2019թ. մարտից երկու հայ խոհարարները՝ Սոնա Մեխանջանյանը եւ Լիանա Պետրոսյանը ղեկավարում են «Նաիրի» ռեստորանի խոհանոցը եւ պատրաստում ավանդականի ու նորի համեղ համադրություններ:
Սոնա Մեխանջանյանը մեր հետ զրույցում ռեստորանի ճաշացանկը բնորոշում է որպես ավանդույթի եւ նորարարության խառնուրդ: Նրա խոսքերով, համի հիմնական գաղտնիքն համեմունքների մեջ է, երբ մի քանի համեմունքների համադրումից ստացվում է լիովին նոր համ: Այս պարագայում հյուրերին դժվար է հասկանալ, թե կոնկրետ ինչ համեմունք է օգտագործվել:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Սոնան ասում է, որ կին խոհարարների առավելությունն այն է, որ նրանք շատ հաճախ տանն էլ են ուտելիք պատրաստում իրենց սիրելիների համար եւ աշխատավայրում պատրաստելիս նույնքան հոգատար են:
«Նաիրի»-ում մեր գտնվելու ընթացքում Սոնան եւ մյուս խոհարարները սիրով պատրաստեցին մի քանի ուտեստներ եւ ներկայացրեցին դրանց համային առանձնահատկությունները:
Նաիրի ռեստորանի սպասի բաղադրիչներից են բոված նուշը, մոցառելլան եւ բազիլիկը:
Սպասը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հայկական իշխանը եփվում է լավաշի մեջ եւ մատուցվում է թարխունից պատրաստված պեստոյով եւ բոված աղանձի փոշիով:
Իշխանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ֆաթուշ աղցանն այստեղ մատուցվում է նռան սոուսով:
Ֆաթուշը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հումուսը մատուցվում է թունա ձկով:
Հումուսը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Անչոուսներով սարման լցոնված է բրնձով, չամիչով, բարբարիսով, գետնանուշի կարագով, բուլղարական պղպեղով, սոխով եւ լիմոնի ցեդրայով:
Անչոուսներով սարման | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Թաբուլեն առանձնանում է նրանով, որ մատուցվում է թարմ նռան սոուսով:
Թաբուլեն | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Նապաստակի պատեյին Միշլենյան խոհարարը ավելացրել է ռուկոլայով, լոլիկի սոուսով, տապակած զեյթունի հատիկներով եւ բազիլիկով թանձրուկ:
Նապաստակի պատե | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մեզ ճանապարհելիս խոհարար Սոնան հատուկ նշում է, որ խոհանոց պետք է մտնել բարձր տրամադրությամբ եւ ամեն ինչ պատրաստել սիրով: Իսկ ամենամեծ գնահատականը մատուցողների միջոցով իրենց փոխանցված շնորհակալության խոսքերն են:
Մարիամ Մանոյան
Lուսանկարները՝ Մեդիամաքս
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: