×

Այս տարի «Երեմյան փրոջեքթսը»-ը $ 10 մլն դոլարի ներդրում կանի

Այսօր ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի հետ այցելել է «Երեմյան փրոջեքթս» Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիա՝ ծանոթանալու նորաստեղծ հաստատության գործունեությանը։


Նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Տիգրան Խաչատրյանը «Երեմյան փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ քննարկել է ընկերության ներդրումային ծրագրերը տարբեր ուղղություններով։

Դավիթ Երեմյանը նշել է, որ «Երեմյան փրոջեքթս» ընկերությունն իրականացնում է երեք խոշոր նախագիծ, որոնցից մեկն էլ հենց ակադեմիան է։ Երկրորդ ուղղությունը գյուղատնտեսությունն է, երրորդն էլ՝ նոր ձեւաչափի ռեստորանները։

«Այս տարվա ներդրումների ծավալը մոտ 10 միլիոն ԱՄՆ դոլար կկազմի եւ կստեղծվի 250 նոր աշխատատեղ», - նշել է Դավիթ Երեմյանը։


Նա նախարարին տեղեկացվել է, որ Դիլիջանում նոր խոզաբուծական ֆերմա է բացվել, եւ Հայաստան են բերվել կանադական հայտնի Genesus Genetics ընկերության մաքրացեղ խոզատեսակներ:  Ընկերությունն օգտվել է մաքրացեղ խոշոր եղջերավոր կենդանիների համար տրվող պետական սուբսիդավորման արտոնությունից։
Ֆերման համապատասխանեցված է արտադրության եւ որակի միջազգային սահմանված բոլոր չափանիշներին:

Ջերմուկում արդեն գործում է խոշոր անասնաֆերմա, որտեղ պահվում են մաքրացեղ անասուններ. մեծածավալ ներդրումներ են իրականացվում այն նորարարական տեխնոլոգիաներով հագեցնելու համար։


«Հայաստանը գաստրոտուրիզմի մեծ հեռանկարներ եւ ներուժ ունի։ Վստահաբար, աջակցելու ենք այն բոլոր նախագծերին, որոնք կնպաստեն գաստրոզբոսաշրջության զարգացմանը, ինչը մեզ համար շատ առանցքային է», - ասել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը։

Դավիթ Երեմյանը, Տիգրան Խաչատրյանը եւ Սուսաննա Սաֆարյանը քննարկել են նաեւ գաստրոզբոսաշրջությանն առնչվող մեծամասշտաբ միջոցառում իրականացնելու հնարավորությունը, որը կհամախմբի գաստրոարդյունաբերության ոլորտում ծառայություն մատուցող ընկերություններին՝ ներկայացնելու հայկական սննդի բազմազանությունը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին