Մոսկվաբնակ հայ հայտնի ռեստորատոր, խոհարար, բրենդ-շեֆ եւ ռեստորանների ցանցի սեփականատեր Գայանե Բրեյովան (Աֆյան), ում ազգանունն արդեն բրենդ է դարձել ռեստորանային բիզնեսում, հունվարից իր հեղինակային խոհանոցը ներկայացնում է Հայաստանում:
Երեւանում՝ Իտալիայի 1 հասցեում, իր դռներն է բացել «Accent by Gayane Breiova» ռեստորանը, որի համեղ ճաշացանկը կազմվել է Գայանե Բրեյովայի հեղինակած բաղադրատոմսերով:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Գայանե Բրեյովան խոստովանում է, որ երբեք ոչինչ նախապես չի պլանավորում: Ասում է՝ եթե բաց ես աշխարհի առջեւ, ուրեմն աշխարհն էլ բաց կլինի քո առջեւ, եւ ցանկություններդ հեշտությամբ իրականություն կդառնան: Այդպես էլ եղել է երեւանյան ռեստորանի դեպքում: Հայաստանից առաջարկություն է ստացել եւ սիրով համաձայնել է ներկայացնել իր հեղինակային խոհանոցը: «Առաջին անգամ ես հանդես եմ գալիս ոչ թե որպես ռեստորանի հիմնադիր կամ համահիմնադիր, այլ որպես բրենդ-շեֆ: Սա մեծ փորձություն է ինձ համար, բայց նաեւ շատ հաճելի է, որ այդ փորձը ես հենց Հայաստանում ունեցա՝ ներկայացնելու իմ հեղինակային խոհանոցը»,- ասում է Գայանեն:
Նա նաեւ ընդգծում է՝ իրեն հեշտությամբ չի տրվել այդ հնարավորությունը: Պատմում է, որ մեծ համտես է կազմակերպվել, որտեղ իր պատրաստած կերակուրները փորձել է ավելի քան քսան հոգի: Դրանից հետո միայն իրեն թույլ են տվել ներկայանալ սեփական բաղադրատոմսերով: «Ինձ հիմնականում ոգեշնչում է այն միտքը, որ մենք կարող ենք նոր չափանիշ սահմանել հայկական խոհանոցում: Այսինքն՝ հայկական ավանդականը նոր կողմերով ցույց տալ ժամանակակից աշխարհին: Կարծում եմ՝ «Accent by Gayane Breiova» նախագծում մեզ դա իսկապես հաջողվել է»,- խոստովանում է ռեստորանի բրենդ-շեֆը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Իր խոսքում նա նկատեց, որ ռեստորանի ճաշացանկում ներկայացված ուտեստները բարդ է տան պայմաններում պատրաստելը, քանի որ այդ հարցում մեծ դեր ունի իրենց խոհարարների բարձր պրոֆեսիոնալիզմը.«Պետք է ասեմ, որ արդեն մեկուկես տարի է՝ հրաժարվել եմ միս ուտելուց: Մինչ այդ, սակայն, իմ ամենասիրելի ճաշատեսակը հարիսան էր, այն ինձ համար ուղղակի աստվածային կերակուր է: Բայց քանի որ այլեւս միս չեմ ուտում, մեր ռեստորանում կարող եք ճաշակել րիսոտո՝ ձավարով, կանեփի հատիկներով ու սնկով: Այսինքն՝ հայկական կերակուրներն այստեղ ավանդական ձեւով չեն պատրաստված, թեեւ յուրաքանչյուր ուտեստում զգացվում է հայկական շեշտադրությունը»:
Գայանե Բրեյովան ռեստորանային բիզնեսում է 1994 թվականից, այսինքն` մոտ 25 տարի, որի ընթացքում հասցրել է մասնագիտանալ Հնդկաստանում, Բալիում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Չեխիայում եւ այլուր: Այդ երկրների ռեստորաններում նա շփվել եւ աշխատել է հայտնի մի շարք շեֆ-խոհարարների հետ, որոնց փորձից ու գիտելիքներից էլ օգտվել է ու ձեռք բերել սեփական խոհարարական հմտությունները: Գայանեն ծնվել ու մեծացել է Երեւանում, սակայն երիտասարդ տարիքում տեղափոխվել է Սլովակիա, որից հետո` Մոսկվա, որտեղ էլ հիմնական հաստատվել է ընտանիքի հետ: Այդ տարիների ընթացքում նա հասցրել է նաեւ երեք գիրք հեղինակել, որոնցից առաջինը դարձել է բեսթսելլեր ու երկրորդ տեղը զբաղեցրել աշխարհի խոհարարական գրքերի ցանկում:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Accent by Gayane Breiova» ռեստորանի շնորհանդեսի ժամանակ հյուրերը հնարավորություն ունեցան ճաշակելու այնպիսի կերակուրներ, որոնք ներկայացված են նաեւ Գայանեի հեղինակած գրքերում: Բրեյովան շեշտում է, որ չի վախենում մեկ ուտեստում տարբեր համեր միաձուլել.«Միշտ ասել եմ, որ շատ եմ սիրում խառնել համերը: Ասիական խոհանոցն ինձ համար շատ գրավիչ է, եւ երբ այն համադրվում է եվրոպական խոհանոցի հետ ու ավելացվում է նաեւ հայկական շեշտադրումը, ստեղծվում է հենց այն մթնոլորտն ու տրամադրությունը, որ կա իմ խոհանոցում»:
Աստղիկ Իսկանդարյան
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: