Աշխարհում 185 մասնաճյուղ ունեցող «Hard Rock Cafe»-ն 2022-ին բացվելու է նաեւ Երեւանում։ Ամեն տարի ավելի քան 80 միլիոն այցելու սպասարկող ցանցը, որի առաջին սրճարանը բացվել է 1971-ին՝ Լոնդոնում, Երեւանում գործելու է Պուշկինի 3-1 հասցեում։ «Hard Rock Cafe Yerevan»-ը «Ֆուդ Ռեփաբլիք» ընկերության եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) համատեղ նախագիծն է։ GastroVino-ն ներկա է եղել նախագծի հեղինակների եւ լրագրողների հանդիպմանը։
Սպասված որոշում է
Անիբալ Ֆերնանդեզ, «Hard Rock Cafe International» ընկերության ֆրանչայզինգի գործառնությունների փոխնախագահ
«Դուք հարցնում եք հե՞շտ կայացրեցինք Հայաստան գալու մեր որոշումը։ Սա նույնիսկ հարց չէ։ Դուք պատկերացրեք՝ 5-6 տարի շարունակ մենք անընդհատ դիտարկում էինք Հայաստանի շուկա մուտք գործելու հարցը։ Եվ երբ ծագեց հնարավորություն, առանց տարակուսելու ու վարանելու, մենք կայացրեցինք Երեւանում «Hard Rock Cafe» բացելու որոշումը։
Անիբալ Ֆերնանդեզը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այս պահին չեմ բացի փակագծեր, թե ովքեր են ազդարարելու բացումը, ինչ համերգով, կարող եմ ասել միայն, որ կատարողները կլինեն տեղացի արտիստներ։ Անշուշտ, սրճարանը կհյուրընկալի նաեւ միջազգային հայտնի ստեղծագործողների, բայց «Hard Rock Cafe»-ի միջոցով մենք փորձելու ենք ներկայացնել տեղի ստեղծագործողներին»։
Շենքը ռոքային է
Արսեն Հովհաննիսյան, «Ֆուդ Ռեփաբլիքի» հիմնադիր տնօրեն
«COVID-2019-ից հետո, Հայաստանում նոր սրճարանների բացումը, կարծես նոր շունչ լինի տնտեսության համար։ 50-ամյա «Hard Rock Cafe» ցանցի առաջին սրճարանը Երեւանում կբացվի 2022թ․ երկրորդ կիսամյակում։ Ընկերությունը, որը կառավարելու է այն, կոչվելու է «Դոմարենա», որի համահիմնադիրներն են ԱՆԻՖ-ն ու «Ֆուդ Ռեփաբլիք»-ը։
Արսեն Հովհաննիսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Պուշկինի 3-1 հասցեում է գտնվելու սրճարանը, որը Երեւանի ամենահայտնի շենքերից մեկն է՝ գմբեթաձեւ տանիքով։ Շենքի արտաքինը որեւէ փոփոխությունների չի ենթարկվել, կատարվել են տանիքի ամրակցման եւ մաքրման աշխատանքներ, վերանորոգման աշխատանքներ՝ առանց ոճական փոփոխությունների։ Համարվում է, որ հենց այս շենքն է կանգնած Հայաստանում ռոքի զարգացման ակունքներում, այստեղ է նախկինում գործել Երեւանի ռոք- ակումբը, «Ավանգարդ ֆոլկ» ակումբը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Տարածքն ավելի քան 1000 քմ է, հնարավորություն ենք ունենալու ավելի քան 290 հյուր ընդունելու։ Որոշ համերգների դեպքում, որոնք չեն պահանջելու աթոռներ, կհյուրընկալենք մինչեւ 500 հանդիսատես։ Սրճարանը 100 աշխատատեղ կապահովի»։
Պետության ներդրումը
Բելլա Մանուկյան, «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդի տնօրեն
ԱՆԻֆ-ը «Hard Rock Cafe Yerevan» նախագծին մասնակցում է կորոնավիրուսի համաճարակի՝ տնտեսական հետեւանքների մեղմացման նպատակով ստեղծված դուստր ընկերության հակաճգնաժամային ֆոնդի ծրագրերի շրջանակներում։
Մենք ծրագիրը համաֆինանսավորում ենք՝ 48% մասնակցության չափով՝ 500 000 ԱՄՆ դոլար ներդրմամբ։
Բելլա Մանուկյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այս հեռանկարային բիզնես-նախագիծը ԱՆԻՖ-ի՝ տնտեսության մեջ ակտիվության ցուցիչ է եւ նոր ներդրման օրինակ։ Մեզ համար կարեւոր է ոլորտում նշաձողի բարձրացումը։
Նման ճանաչված ընկերությունների մուտքը մեծապես կազդի ոլորտում որոշակի որակական փոփոխությունների վրա՝ նման նախագծերը երկիր են բերում նոր մշակույթ, նոր գիտելիքներ, նոր փորձ։ Նման ընկերության մուտքը Հայաստան նաեւ ազդակ է մյուս մեծ ընկերությունների համար, որ Հայաստանում շուկան հետաքրքիր է։
Մենյուն եւ հուշանվերները
Արսեն Հովհաննիսյան, «Ֆուդ Ռեփաբլիքի» հիմնադիր տնօրեն
«Hard Rock Cafe»-ն ունի իր ավանդական մենյուն, որի հիմքում «American Diner» կոնցեպտն է՝լեգենդար բուրգերներ, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում, սթեյքեր, կողոսկրեր, նաչոսներ, կոկտեյլների շարք։
Մենք նաեւ տեղական ուտելիք կներառենք՝ ադապտացված եւ հաստատված «Hard Rock Cafe»-ի ճաշացանկի պահանջներին համաձայն։
Արսեն Հովհաննիսյանը եւ Անիբալ Ֆերնանդեզը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Hard Rock Cafe»-ն ոչ միայն սննդի ծառայություններ է մատուցում, այլեւ ունի հետաքրքիր եւ կարեւոր երաժշտական բաղադրիչ։ Ցանցում նաեւ վաճառվում են հագուստներ եւ աքսեսուարներ՝ բրենդավորված են «Hard Rock Cafe»-ի կողմից։
Աշխարհում կան «Hard Rock Cafe»-ի շատ սիրահարներ, որոնք ամեն գնով փորձում են այցելել ցանցի՝ ամեն նոր բացված սրճարան եւ կան կոլեկցիոներներ, որոնք հավաքում են տվյալ քաղաքքի «Hard Rock Cafe»-ի կողմից թողարկված աքսեսուարներ:
Լուսինե Մկրտչյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: