×

Լուսանկարը՝ https://www.phaidon.com/

Մեթ Աբերգել. Պարզապես ուզում եմ, որ մարդիկ գան սնվելու համար

Աշխարհի 50 լավագույն խոհարարներից Մեթ Աբերգելը ամենահայտնի ռեստորաններից՝ Yardbird-ի եւ Ronin-ի սեփականատերն է եւ գլխավոր խոհարարը։ Հոնգկոնգում գտնվող ռեստորանները թեեւ Միշլենյան աստղեր չունեն, բայց շատ հայտնի են հենց խոհարարների շրջանում։

Ներկայացնում ենք Մեթ Աբերգելի խոհարարության կանոններից մի քանիսը, որոնք նա ներկայացրել է The Talks նախագծին տված հարցազրույցում:

Խոհարարությունն ինձ համար հիշողության մաս չէ, ես չեմ վերհիշում համերը։ Թեեւ տատիկիս հատուկ բաղադրատոմսով պատրաստվող խրթխրթան հավերը, որը նա եփում էր թոնրի մեջ, ֆանտաստիկ էին։

Հավի ապուրն իմ ամենասիրելի բանն է։ Դրա արգանակը, նշանակությունը, զգացողությունն այնքան յուրահատուկ է․․․Դուք այն խմում եք, երբ սոված եք, երբ տխուր եք, երբ հիվանդ եք։ Այն ունի բոլոր կարեւոր բաղադրիչները։

Խոհարարության գեղեցկությունը մարդկային շփումն է: Դու չպետք է փորձես հասկանալ, թե ինչ է սնունդը։ Դու պարզապես պետք է գաս եւ փորձես այն։

Ես չեմ փորձում ուտելիքն ավելի գայթակղիչ դարձնել։ Պետք չէ այն լուսանկարել, պետք չէ դրա պատրաստումը վերագրել հատուկ առիթների, բայց այն ինքն իրենով հատուկ առիթ պետք է լինի։

Խոհարարական արվեստ ստեղծում են այն մարդիկ, որոնք իրենց ջանքերը մատուցում են ափսեով։ Իսկ ես պարզապես փորձում եմ գտնել լավ համային համադրություններ։ Ես փորձում եմ հայրիկիս ուտելու մշակույթը բերել Հոնգկոնգի իմ ռեստորան՝ թեթեւ եւ հանգիստ սնվելու մշակույթը։

Ես չեմ կարծում, որ իմ պատրաստածն արվեստի մաս է։ Ամենեւին։

Ես նախընտրում եմ, որ բաղադրիչները խոսեն իմ փոխարեն։ Իմ պատրաստածը պետք է համեղ լինի, ոչ թե որովհետեւ ես ջանքեր եմ գործադրում, այլ որովհետեւ իմ բաղադրիչներն են լավը։

Որոշ ժամանակ աշխատել եմ Նյու Յորքում՝ խոհարար Մասայի ղեկավարությամբ, եւ նա ուղղակի անհավանական կերպար է։ Միայն տեսնել էր պետք, թե նա ինչպես է խոսում սննդի մասին։

Եթե մենք լվանում էինք բրինձը եւ դրանից հետո նա մեկ հատիկ բրինձ գտներ լվացարանում, մեր օրն ավարտված էր։ Նա կարող էր այդ մեկ հատիկ բրնձի համար մի ամբողջ օր նկատողություն անել ու բղավել։

Բայց Մասան կարողանում էր կախարդի պես հպվել ուտելիքին եւ չէր ուզում որեւէ բան վատնել։ Նա սիրում էր ծառայել մարդկանց եւ պարզապես ուզում էր, որ նրանք անաղարտ ու մաքուր սնունդ ունենային։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին